Մեծ Բրիտանիայում հաշվում են մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Թեեւ վերջնական արդյունքները հայտնի չեն, սակայն «Էքզիթ պոլ»-ի արդյունքներով, ընտրություններում հաղթել են Պահպանողականները: Սակայն, ըստ ամենայնի, ոչ մի կուսակցություն չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: Ըստ «Էքզիթ պոլի» արդյունքների, Պահպանողական կուսակցությունը` Դեյվիդ Քեմերոնի գլխավորությամբ, ստացել է ընտրողների 36 տոկոսի ձայները: Վարչապետ Գորդոն Բրաունի լեյբորիստական կուսակցությունը ստացել է 27 տոկոս, իսկ լիբերալ-դեմոկրատները` 22 տոկոս:

Այսպիսով, առաջին անգամ վերջին 30 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում չկա մի քաղաքական ուժ, որը կարողանա ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Այս պայմաններում, կա զարգացման մի քանի սցենար, կամ ձեւավորվում է պահպնողնականների փոքրամասնության կառավարության, կամ կոալիցիա կկազմեն լեբորիստներն ու լիբերալ դեմոկրատները: Հենց վերջին տարբերակի վրա էլ աշխատում են լեյբորիստները՝ Գորդոն Բրաունի ղեկավարությամբ:

Նշենք, որ ընտրությունների ժամանակ թեթեւ ինքնաթիռի վթարի հետեւանքով վիրավորվել է ընտրություններին մասնակցող Անկախության կուսակցության պատգամավոր Նայջլ Ֆարաջը: Նա եւ օդաչուն հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: