Գյումրին, կարծես, ձգտում է ապացուցել Հայաստանի քրեական մայրաքաղաքի մասին խոսակցությունների իսկությունը: Այս անգամ քրեական հանցագործի դերում է հայտնվել մի մարդ, որն ի պաշտոնե պետք է պայքարեր հանցագործների դեմ:
iLur.am-ի հավաստի տեղեկություններով, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ, մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս` ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան:
Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում եւ աջ է «քաշել»: Երբ ետեւից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղեւորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան եւ եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը եւ հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր):
Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է եւ պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրն Ալեքսանյաններին` բարեխոսության «առաքելությամբ» սկսել են այցելել զանազան մարդիկ, այդ թվում՝ «գողականներ» ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:
Սակայն, իր նկատմամբ նման ապօրինությունից վրդովված` Արթուր Ալեքսանյանը մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: Կայքի տեղեկություններով, քննարկվում է կամ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե լկտի ոստիկանը արժանի պատիժ չստանա, կամ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկներով, որոնք նույնպես վճռական են տրամադրված: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























