Իջեւանում տեղակայված զորամասում մայիսի 10-ին զինվորի մահվան գործով հարուցվել է քրեական գործ: ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ըստ նախնական տվյալների, մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:
Միջադեպի կապակցությամբ մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր Իջեւան, այցելել դեպքի վայր: Նախարարին էին ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել էր իր անմիջական հսկողության տակ եւ հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել էր անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար:




























