Որոշ հարցեր մինչեւ հիմա խանգարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բաքվի մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա ընդգծել է. «Իմ այցերը Ադրբեջան եւ Հայաստան ջանքեր են հակամարտության կարգավորման ճանապարհին: Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մենք չենք կարող ընտրություն կատարել երկու երկրների միջեւ: Մենք առաջարկել ենք նորովի նայել հակամարտության կարգավորմանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելով:
Ֆրանսիան միշտ էլ հանդես է եկել նման նախաձեռնություններով: Մենք առանձնացնում ենք նաեւ ուկրաինական հարցը, սկզբունքները պետք է լինեն միասնական: Առաջիկա օրերին մենք ուկրաինական ճգնաժամի հարցով հստակ որոշումներ կկայացնենք»:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր է, հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերի մասին: «Փաստաթղթերն ընդունել էին նաեւ Եվրախորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ, սակայն օկուպացումը դեռ շարունակվում է: ԵԱՀԿ առաքելությունների երկու այցերից հետո նշվել էր, որ այդ տարածքներում ավերվել են բնակավայրեր եւ մշակութային հուշարձաններ: Մենք հարգանքով ենք վերաբերվում ինքնորոշման սկզբունքին, սակայն հայերն արդեն մի անգամ ինքնորոշվել են: Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում հայկական երկրորդ պետություն ստեղծել: Ես հավատում եմ, որ Ֆրանսիան եւ ՄԽ-ի այլ համանախագահ երկրները կշարունակեն ջանքեր գործադրել հիմնախնդիրը կարգավորելու համար, այն կլուծվի մոտ ժամանակներս, եւ մեր մարդիկ կվերադառնան իրենց տարածքները»:
Այսօր տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Քննարկվել են շփման գծում ստեղծված իրավիճակը, դիտարկման արդյունքները եւ բանակցությունների հեռանկարները:




























