Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստն այսօր՝ մայիսի 12-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց վկաների բացակայության պատճառով:

Վկաներից երկուսը՝ Հովհաննես Եսայանն ու Վիտուշ Նիկոլյանը, նիստի մասին ծանուցումը ստացել էին, բայց չէին ներկայացել: Դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնեց, որ ինքը երկու օր առաջ է տեսել վկա Հովհաննես Եսայանին, որն էլ տեղեկացրել է, որ ցանկանում է քաղաքից բացակայել:

Մյուս վկան՝ Վահրամ Մնացականյանը, չէր ներկայացել նիստին՝ ծանուցումը չստանալու պատճառով: Դատարանը գործում նշված նրա բնակության հասցեով ծանուցում էր ուղարկել, սակայն տեղի բնակիչներն ասել էին, որ այդ հասցեում նման մարդ չի ապրում: Այս հանգամանքը կասկած առաջացրեց թե դատավորի, թե Կիվիրյանի պաշտպանների ու Կիվիրյանի մոտ:

«Քրեական գործում առկա են այդ անձի ցուցմունքները, սակայն այս պահի դրությամբ անհայտ է, թե ով է այդ անձը: Հարց է առաջանում՝ քննիչը որտեղի՞ց է պեղել այդ վկային, դրա պատասխանը պետք է քննիչը տա: Մենք կրկին տեսնում ենք, թե ինչ մեթոդներով է քննվել այս գործը: Անհայտ է, թե ովքեր են վկաները»,-նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Դատարանը որոշում կայացրեց այս վկային հասցեների բյուրոյում հարցում կատարելու միջոցով գտնելու մասին: 

Նշենք, որ մինչեւ այս վկայություն են տվել ոստիկանները, որոնք միմյանց, ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը: Այս գործով վերջին ոստիկան վկան այսօր նիստին չներկայացած Հովհաննես Եսայանն է:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am