Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ին ունեցած ելույթում:
«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, եւ հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:
Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ»,- նշել է նախարարը:
Վերջինիս խոսքով, Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: «Անհատական մակարդակում շփումները եւ խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարեւոր բաղադրիչ:
Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել աղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասել է նա:




























