Մայիսի 12-ի գիշերը Բելառուսի սահմանապահները Եվրախարհրդարանի լեհ պատգամավոր Մարեկ Միգալսկիին երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն չեն տվել:
Բրեստում անձնագրային ստուգումների ժամանակ Միգալսկիին եւ նրա օգնականներին գնացքը լքելու հրահանգ է տրվել:
Եվրախորհրդի պատգամավորը բազմիցս Բելառուսի իշխանությունների հասցեին մարդու իրավունքներին առնչությամբ քննադատություններով է հանդես եկել: Նա 2010թ. նախագահական ընտրություններից հետո բանտերում հայտնված ընդդիմադիրներին ազատ արձակելու կոչեր է անում:
Լեհական Ռադիոյին տված հարցազրույցին Միգալսկին ասել է, որ ուղեբեռի մեջ ներկայումս անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչի եւ իրավապաշտպան Ալեսյա Բելյացկիի պատկերով շապիկներ է ունեցել:
Նշենք, որ մի քանի օր առաջ Բելառուսի տարածք մտնելու արգելանք է տրվել շվեդ իրավապաշտպան Մարտին Ուգգլուին եւ երկու նորվեգացի քաղաքական գործիչների:




























