Հունական «Ոսկե լուսաբաց» ծայրահեղ աջ կուսակցությունը Եվրախորհրդարանի մայիսի 25-ի ընտրություններին մասնակցելու թույլտվություն է ստացել: Համապատասխան վճիռը Հունաստանի գերագույն դատարանն է կայացրել:
«Ոսկե լուսաբացին» հաջողվել է հիշյալ թույլտվությունը ստանալ հակառակ այն հանգամանքի, որ կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Կուսակությունը ներկայացնող վեց պատգամավորներ ներկայումս նախնական կալանքի տակ են գտնվում: Հանցագործ կազմակերպություններ հիմնելու կամ դրանց անդամակցելու գործի շրջանակում ընդհանուր առմամբ 18 աջ արմատական խորհրդարանականներից 9-ը քննության են ենթարկվում:
Հարցումների արդյունքներն այն մասին են վկայում, որ «Ոսկե լուսաբացը» հույների` երկրում աճող գործազրկության, բնակչության կենսամակարդակի անկման եւ կաշառակերության ընդլայնման հետ կապված դժգոհությունների վրա «խաղալու» քաղաքականություն է վարում, dpa-ին վկայակոչելով հաղորդում է Deutsche Welle –ի ռուսական ծառայությունը:




























