Մոսկվան ուշադրություն է հրավիրում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեին բնակչության մասնակցության բարձր տոկոսին եւ հարգանքով վերաբերվում այդ շրջանների բնակիչների կամարտահայտմանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչների կամարտահայտմանը եւ համոզմունք ունեն, որ հանրաքվեի արդյունքների գործնական կիրառությունը քաղաքակիրթ եղանակով է ընթանալու, առանց բռնության դեպքերի կրկնության, Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների միջեւ երկխոսության ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հիշյալ երկխոսության կայացմանն ուղղված ցանկացած միջնորդական ջանքեր ողջունելի կլինեն, այդ թվում նաեւ` ԵԱՀԿ մասով: Ուշադրության է արժանի բնակչության մասնակցության բարձր տոկոսը` հակառակ քվեարկությունը խափանելու բոլոր ջանքերի: Մենք դատապարտում ենք ուժի կիրառման բոլոր դեպքերը, մասնավորապես խաղաղ բնակիչների դեմ ծանր սպառազինությունների կիրառումը, որի արդյունքում զոհեր են գրանցվել»,-ասվում է հայտարարության տեքստում: