ԵՄ-ն Ուկրաինայի հակամարտության լարվածության իրական թուլացման նշաններ է ակնկալում , ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Մենք մինչ այժմ սպասում ենք իրավիճակի լարվածության թուլացման իրական նշանների»,- հայտարարել է Էշթոնը:
Ըստ նրա` անցյալ շաբաթ ինքն այդ հարցերը քննարկել էր Վաշինգտոնում:
Ըստ Էշթոնի` կայանալիք նիստը հիմնականում վերաբերելու է Ուկրաինայում իրավիճակի քննարկմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվել էր, որ ԵՄ-ն անօրինական է համարում մայիսի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում տեղի ունեցած հանրաքվեն` այդ մարզեի կարգավիճակի վերաբերյալ, եւ չի ճանաչում դրանց արդյունքները:
Ավելի վաղ Ուկրաինայում հանրաքվեների արդյունքները չճանաչելու մասին հայտարարել էին նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների ներկայացուցիչները:




























