Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակից պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե նախագահ դառնա, իր կօգտագործի բոլոր լծակները եւ չի լինելու «արարողակարգային» անձ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է հարցերին, որոնց մեծ մասը վերաբերվել են առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի հնարավոր թեկնածության առաջադրմանը։

Թուրքիայի վարչապետը, խուսափելով հստակ պատասխանել առաջադրվելու հետ կապված հարցին, ակնարկել է, որ նման մտադրություն ունի՝ ասելով հետեւյալը. «Եթե ես նախագահի թեկնածու առաջադրվեմ եւ հաղթեմ, ապա նոր նախագահը նախորդների նման չի լինելու։ Ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է օգտագործի բոլոր լծակները։ Ես չեմ լինելու «արարողակարգային» նախագահ»։

Պատգամավորներից մեկը նկատել է, որ նախկինում ուժեղ վարչապետներից մեկը եւս դարձել էր նախագահ եւ իր ղեկավարած կուսակցությունն արագ քայքայվել էր, ինչին ի պատասխան, Էրդողանը նշել է, թե ինքը նախագահ դառնալու դեպքում չի խզի իր կապը կուսակցության հետ՝ շեշտելով, թե պատգամավորի հիշատակած կուսակցության եւ իրենց կուսակցության մեջ լուրջ տարբերություններ կան։

Նշենք, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում ժողովուրդն է ընտրելու նախագահ։ Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը՝ պատգամավորների թվից։