Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է  Երեւան: (ֆոտոռեպորտաժ)

«Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Օլանդին դիմավորողների թվում են ԱԳ նախարար Էդվարդ  Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի, մշակույթի նախարարները: Ֆրանսիական կողմից դիմավորում են դեսպան Անրի Ռենոն, Օ՛դե Սենի նահանգապետ Պատրիկ Դեւեջյանը, պատգամավորներ Ֆիլիպ Կալտենբախը, Ֆրանսուա Ռոշբլուանը: 

Օլանդին դիմավորել է Պատվո պահակախումբը, իսկ զինվորական նվագախումբը կատարել է երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում բարձրացվել են Հայաստանի, Ֆրանսիայի եւ Եվրամիության դրոշները:

Նշենք, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերին, Վիլնյուսում: Նա 2007թ. որպես սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ առաջին անգամ այցելել էր Հայաստան:

Ֆրանսիայի նախագահի երկօրյա այցի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Մայիսի 12-ին Երեւանում կկայանա հայ-ֆրանսիական տնտեսական  համաժողով, որին նախատեսվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Այնուհետ ֆրանսիական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ ծառ կտնկի:

Նույն օրվա երեկոյան նախագահները  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին:

Երեկոն կեզրափակի զբոսանքը երեկոյան Երեւանում:

Մայիսի 13-ին Ֆրանսուա Օլանդը կհանդիպի Հայաստանի ֆրանսիական համայնքի ներկայացուցիչներին:  Ֆրանսիայի նախագահի հետ եկած խորհրդարանականները կհանդիպեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հայաստանի նախագահի նստավայրում կկայանա երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետ՝ ընդլայնված կազմով բանակցություններ:  Փաստաթղթերի ստորագրումից հետո կկայանա Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի համատեղ մամուլի ասուլիսը:

Երեւան այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի  Երեւանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը եւ այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: