Լեւոն Աղաբեկյանը 2014թ. ամանորի գիշերը դիտավորյալ հրկիզել է սեփական երեխաների բնակարանը, այժմ էլ սպառնում է վնասել կնոջը եւ երեխաներին, իսկ ոստիկանությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողներին պատմեց Լեւոն Աղաբեկյանի կինը՝ 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը:
Նրա խոսքով, մինչեւ այդ դեպքը՝ 2013թ. հոկտեմբերի 9-ին էլ, Լեւոն Աղաբեկյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն դանակահարել էր, բայց հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ Սիրանույշը հայտարարել է, որ ներում է ամուսնուն, և նրան ազատ են արձակել դատարանի դահլիճից:
«20 օր էր՝ առանձին էինք ապրում, կռվել էր, դուրս արել, գնացել էի, քրոջս տունն էի ապրում: Եկավ քրոջս տան մոտ, ես գործի էի գնում, մոտեցավ ու դանակահարեց: Դատարանում տղաս կանգնեց, ասեց՝ խնդրում եմ, ներիր, թող գնա, մեզանից հեռու ապրի: Ասեցի, որ ներում եմ այն պայմանով, որ մեզանից հեռու կմնա, ու անգամ Վանաձորում չի ապրի: Բայց դատից մի քանի օր հետո՝ հունվարի 1-ին գնացել էինք քրոջս տուն, զանգեցին, ասեցին Ձեր տունը այրել են: 3 սենյականոց բնակարան էր, տանը Ամանորի սեղանը դրած ջարդել փշրել էր, իրերը հավաքել էր մի սենյակում ու վառել»,- պատմեց տիկին Սիրանույշը:
Տիկին Սիրանուշյն ասաց, որ իրենք կատարվածի վերաբերյալ հաղորդում են տվել ոստիկանություն, բայց այնտեղ գործին ընթացք չեն տվել. «Ասում են՝ իր տունն է, կուզի կայրի, կուզի ոչ, բայց տան վկայականի մեջ երեւում է, որ բնակարանը ձեռք է բերվել մեր ամուսնության համատեղ կյանքի ընթացքում, եւ ես էլ համարվում են համասեփականատեր»,- պատմեց տիկին Աղաբեկյանը:
Տան հրկիզումից հետո Սիրանույշի փաստաբանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նախկինում դանակահարության գործով ներկայացված բողոքը, որը տիկին Սիրանույշը հետ էր վերցրել, շարունակություն ստանա:
«Վերաքննիչը մերժեց մեր բողոքը, դիմելու ենք Վճռաբեկ դատարան: Այս դեպքն ունի ռազմավարական նշանակություն, ընտանեկան բռնության դեպքերում, կարծում եմ պետք է լինի հանրային մեղադրանք եւ ոչ մասնավոր: Չէր կարելի այս գործը դիտարկել որպես մասնավոր դեպք եւ կարճել»,- ասաց Սիրանույշի փաստաբան՝ Տիգրան Մուրադյանը:
Սիրանույշը երկու երեխաների հետ 5 ամիս է՝ ապրում է իր քրոջ տանը, Վանաձորի տունը մոխիր է դարձել, իսկ ամուսինը մինչեւ այսօր սպառնում է, որ կվնասի կնոջը եւ երեխաներին:
Հարցին, թե որն է եղել վեճերի հիմնական պատճառը, եւ ինչու է ամուսինը ցանկանում վնասել իր ընտանիքին, Սիրանույշ Աղաբեկյանը պատասխանեց.
«Դե, հնարավոր է անգամ հոգեկան խանգարում էլ ունենա, բայց ինքը խմում է, խմելն է պատճառ դառնում, սկսում է խանդել ամեն մեկին եւ սկսում են վեճերն ու կռիվները»։




























