Կրեմլի կիրառած գործիքները տեսանելի են ուկրաինական դեպքերում, մինչ այդ՝ Վրաստանի նկատմամբ: Նույն գործիքները շարունակում են կիրառվել Հայաստանի հանդեպ, ինչը նրա համար ՝ որպես ժողովրդավար եւ ինքնիշխան երկիր,  վտանգավոր է: Այս մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀԿ-ների գործունեության վերաբերյալ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի վերջերս հնչած հայտարարությանը:

Ըստ Սաքունցի` 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, եւ դադարեցվեց Ասոցացման համաձայնագրի  նախաստորագրման գործընթացը,  երկրում մի իրավիճակ էր ստեղծվել, երբ ավելի ակնհայտ էին դարձել «Կրեմլի կողմից Երեւանի նկատմամբ  իմպերիալիստական քաղաքականության միտումները»:  «Եթե մինչեւ սեպտեմբերի 3-ը Կրեմլն ավելի քողարկված էր գործում, ապա այժմ, ըստ էության, չի թաքցնում, որ Հայաստանում անմիջական է գործելու` առանց երկրի իշխանությունների մասնակցության», - նշել է Սաքունցը:

Իրավապաշտպանը նաեւ հավելել է, որ այլեւս պետք չէ հույսեր կապել ՀՀ քաղաքական ուժերի հետ, քանի որ նրանք իրականում գործում են երկրի Սահմանադրությանը դեմ: «Հանուն Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պայքարող» քաղաքական ուժերի շարքում նա առանձնացրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, Հայոց համազգային նոր շարժումը,  «Ազգային ինքնորոշում» միավորումը:

Հիշեցնենք,  օրերս «Նոյյան տապան» պարբերականի հետ հարցազրույցում Հայաստանում ՌԴ արտակագ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ  «հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:  Վոլինկինը օրինակ էր բերել Ռուսաստանում ՀԿ-ների աշխատանքը կարգավորող օրենքները: