Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Արեւմուտքը չպետք է օգտագործի Ուկրաինան` Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար:

«Չպետք է օգտագործել Ուկրաինան` որպես Ռուսաստանին ճնշելու գործոն, եւ ընդհանրապես` ոչ միայն Ռուսաստանին», - երկուշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահը` Մինսկում հանդիպելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:

Ըստ Լուկաշենկոյի` Մոսկվան եւ Մինսկը շահագրգռված են, որ Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի բազա:

Նա հավելել է, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է իր կյանքն այնպես դասավորի, ինչպես ինքն է կամենում` խնդիրներ չստեղծելով  հարեւանների համար, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Կարծում եմ` կանցնի ժամանակ, եւ ամեն ինչ կկարգավորվի, արդեն այժմ Ուկրաինայում սթափվում են», - նշել է Լուկաշենկոն: Ըստ նրա` Ուկրաինան Արեւմուտքի մաս չի դառնա:  «Այնտեղ ժողովուրդը միանշանակ համագործակցության է տրամադրված, սակայն դա քաղաքական գործիչների ուղեղի մթագնում է, պատահում է»:

Բելառուսի նախագահը նաեւ նշել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ բացասական կանդրադառնան նաեւ ողջ հետխորհրդային տարածաշրջանի տնտեսության վրա, եւ ընդգծել է ԱԽ  քարտուղարների հանդիպման ժամանակ կայանալիք խորհրդակցությունների կարեւորությունը` երկու երկրների դիրքորոշումները համակարգելու համար: