Մայիսի 6-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 8-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցի քննարկումը: Զեկույցի ներկայացման նպատակով Ժնև էր ժամանել ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրը, ՀՀ Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների, Ոստիկանության,Դատախազության, Միգրացիայի գործակալության ներկայացուցիչներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Արման Կիրակոսյանը ներկայացրել է զեկույցը` անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային, ինչպես նաև ներկայացնելով առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը:

Զեկույցում առանձին բաժնով անդրադարձ է կատարվում ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարված հանցագործության դեմ պայքարում Հայաստանի ձեռնարկած միջոցառումներին և մասնավորապես միջազգային առումով ցեղասպանության կանխարգելման ջանքերին ու Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայաստանի հանձնառությանը:

Առանձին բաժնով արտահայտված է նաև Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մասնավորապես՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հարցում Հայաստանի դիրքորոշումը:

Զեկույցի կապակցությամբ իրենց առաջարկություններն ու հարցերն են հնչեցրել 47 պետություն, որոնց առնչությամբ իրենց մեկնաբանություններն ու պարզաբանումներն են ներկայացրել հայկական պատվիրակության անդամները:

Զեկույցի ընդունումը Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի կողմից նախատեսվում է մայիսի 10-ին, իսկ դրա վերաբերյալ որոշումը մարդու իրավունքների խորհուրդը կընդունի իր սեպտեմբերյան նստաշրջանին:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպել է նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայի հետ:

Նշենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ-ի համակարգի միջկառավարական մարմին է, որի նպատակն է ամրապնդել աշխարհում մարդու իրավունքների խրախուսումը և պաշտպանությունը: Խորհրդի դիտարկումը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ: