ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը 2009թ. հուլիս ամսին լ'Աքվիլում համանախագահող երկրների առաջնորդների հնչեցրած հայտարարության կրկնությունն է: ԱԺ մայիսի 12-ի նիստին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն արձագանքել է: «Դա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է, որի սեփական հայտարարություններով լրացման անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ցանկանում եմ միայն մեկ բան հավելել: Ուորլիքի հայտարարությունը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների այսօրվա հայտարարությունը լ'Աքվիլայի հայտարարության կրկնություններն են, երբ միջազգային իրավունքի 6 տարրերից բաղկացած սկզվունքները հանրությանը ներկայացվեցին: Վերջին հայտարարությունները գրեթե բառ առ բառ կրկնում են 2009թ. հրապարակված փաստաթուղթը»,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այսօրվա հայտարարությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական բանակցությունների անցնելու կոչ են անում:




























