Հայաստանի տարածքում Ռուսաստանի վարած քաղաքականությունը անմիջական սպառնալիք է պարունակում մեր երկրի ինքնիշխանությանը: Մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը քաղաքական ուժերի կողմից որեւէ համարժեք պատասխան չի հնչեցվել: «Ընդհակառակը, զարմանալիորեն համակրական հայտարարություններ են հնչել: Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգը ոչ միայն ռեսուրսներ չունի ռուսական միջամտությանը դիմակայելու համար, այլ նաեւ հանձինս 6 խորհրդարանական ուժերի ամբողջությամբ ծառայում է այդ քաղաքականությանը»,- նշել է Նարեկ Սամսոնյանը:

Հիշեցնենք` «Նոյան Տապան» թերթին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե այն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են սեպ խրել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում, ոչ Ռուսաստանի բարին են ցանկանում, եւ ոչ էլ` Հայաստանի: Այնպես որ անհրաժեշտ է նոր մեթոդների կիրառմամբ չեզոքացնել նրանց: Դեսպան Վոլինկինը, որպես օրինակ, հասարակական կազմակերպությունների աշխատանքը կարգավորող ռուսական օրենսդրությունն էր բերել: