Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն այն է, որ հայկական եւ ադրբեջանական հասարակություններում երկխոսություն սկսվի ԼՂ խնդրի շուրջ, ապա հնարավոր է, նրանց հաջողվել է հասնել ցանկալի արդյունքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Նրա խոսքով՝ «Ժառանգության» դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում այն է, որ ԼՂՀ-ն պետք է բանակցային գործընթացի մասնակից դառնա: «ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին ԼՂ խնդրի կարգավորման բանալին է: Մյուս կողմից պետք է մի կողմ թողնել տարբեր կոչերը եւ սկսել հզոր պետություն կառուցել ու լուծել մեր խնդիրները»,-ասել է «Ժառանգության» պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ «հրադադարը չի լուծել խնդիրը»: «Այն ԼՂ շուրջ գտնվողն տարածքները թողել է օկուպացված եւ ի վիճակի չէ առաջընթաց ապահովել ԼՂ կարգավիճակի հարցում: Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման, սահմանի երկայնքով եւ շփման գծում բռնության ծավալման մշտական սպառնալիքի, ինչպես նաեւ որոշ մարդկանց մոտ պատրանք է ստեղծել, թե ստատուս քվոն կարող է անորոշ ժամանակով կայուն լինել»:




























