Ամերիկյան կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում չի տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների մոտեցումներից, ինչի մասին վկանում Քարնեգիի վաշինգթոնյան  հիմնադրամում Ուորլիքի կատարած վերջին հայտարարությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիա/ԵՄ-ն տարածաշրջանում ունեն ընդհանուր շահ՝ տարբեր դրդապատճառներով հանդերձ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պաշտպանություն»,- հավելել է Մայիլյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը շարունակել արդյունավետ լինել՝ հաշվի առնելով առաջին քայլերը, որոնք Արեւմուտքն ու Ռուսաստանն արել են նոր սառը պատերազմի շեմին, փորձագետը նշել է. «Իսկապես, այժմ ԱՄՆ-ի եւ ՌԴ միջեւ հարաբերություններում կապված ուկրաինական իրադարձությունների հետ ճգնաժամ է նկատվում, սակայն պետք է հիշել, որ ժամանակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը լրացուցիչ գործառույթ է ձեռք բերել՝ համանախագահող երկրների միջու տարածաշրջանային եւ այլ տեսակ խնդիրների քննարկման համար ոչ ֆորմալ հարթակ: Քննարկումների այս ալիքն արդյունավետ գործում էր Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության շրջանում, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում ոչ պակաս լուրջ դժվարություններ էին ծագել»: Մասիս Մայիլյանի խոսքով՝ բանակցային գործընթացի ցածր արդյունավետության պատճառներից մեկը ոչ թե միջնորդական ձեւաչափն է, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հնացած մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ: