Ավազակային հարձակումներ գործելու համար ավելի քան մեկ տարի կալանավորված Ռաֆայել Հարոյանը չի մասնակցել բանդայի գործողություններին, այս ամենը նախաձեռնել եւ կազմակերպել է Տիգրան Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել հայրը՝ Հարություն Հարոյանը:
«Այս ամբողջի մեջ իմ տղան ոչ մի մեղավորություն չի ունեցել, ուղղակի սարքել են գլխին: Էս ամեն ինչի պարագլուխը, նախաձեռնողն ու կազմակերպողը ԿԳԲ-շնիկ Տիգրան Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանությունն էս ամեն ինչը իմ տղայի վրա են բարդում: Եթե իմ տղան է պարագլուխը, ո՞ւր են գողացված գումարները կամ որտեղից իմ տղային զենք: Համոզված եմ, որ տղաս ոչ մի բանում մեղավոր չէ»,- ասաց նա:
Հարություն Հարոյանը համոզված է, որ այս ամբողջի հետեւում կանգնած է քննիչ Արամ Արամյանը: Վերջինս առանց քննություն անցկացնելու, առերեսում անելու, միանգամից վճիռ է կայացրել եւ գործն ուղարկել դատարան: Գործը քննվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
«Վեց հոգու ձերբակալել են, իմ տղային նույնպես, սակայն իմ տղայի դեմ ոչ մի ապացույց չկա, էդ Արամ Արամյանը ոչ մի բան չի քննել, զարմանում եմ՝ ոնց ա նման որոշում կայացրել: Նույնիսկ ինձ էր որպես մեղադրյալ ընդգրկել, գլխիս գործ սարքել՝ իբր թե ես էլ եմ մասնակցել էդ բանդայի գործողություններին: Բայց նման բան չկա, քննիչը շահագրգռված է, որ մեր բոլորի վրա գործ սարքել»,- ավելացրեց նա:
Ըստ ոստիկանության՝ բանդայի պարագլուխը Ռաֆայել Հարոյանն է, որն էլ 2012թ.-ին կազմակերպել է հանցավոր խումբ եւ տարբեր ավազակային գործողություններ կազմակերպել:
Երեւանի բնակիչներ Հայկ Կոջոյանը, Ռաֆայել Հարոյանը, Կարեն Վարդանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը մեղադրվում են ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս ամիսների ընթացքում քառյակը կատարում է մի շարք բնակարանային գողություններ, ինչպես նաեւ ավազակային հարձակումներ:
Հունվարի 13-ին խումբը Շենգավիթ համայնքի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա զինված հարձակում է գործում, որի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում է ստանում աշխատակիցը: Մինչդեռ Ռաֆայելի հայրը համոզված է, որ տարադրամի փոխանակման կետի աշխատողը հրազենային վիրավորում ստացել:
«Էդ տղան ութ օր հետո բժիշկների սխալից է մահանում, ոչ թե բանդայի կրակոցից, իսկ կրակել է Տիգրան Հովհաննիսյանը: Նորից եմ ասում, ոնց կարող էր քննիչն առանց դեպքն ուսումնասիրելու նման որոշում կայացնում»,- նշեց ամբաստանյալի հայրը:
Տղաների նկատմամբ հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ այս բանդայի մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ընդամենը ժամեր առաջ, չնայած տղաները ձերբակալվել են դեռ մեկ տարի առաջ:




























