Երեւանի բնակչուհի, 23-ամյա Աննա Ս.-ն մեղադրվում է սուտ մատնություն անելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Աննան, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկատվությունը կեղծ է , զայրութից դրդված ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին , որ 2013թ. նոյեմբերի 12-ին , գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ընկեր Արթուր Օ.-ի հետ , որի ընթացքում վերջինիս երկու անգամ ապտակել է իրեն` այդպիսով կատարելով հանցագործության մասին սուտ մատնություն եւ Արթուրին ակնհայտ սուտ կերպով մեղադրելով ոչ մեծ ծանրության ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Աննա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:




























