Պատգամավոր, Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի Վիկտոր Յանուկովիչ կրտսերը լքել է կուսակցությունն ու Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը: Այդ մասին նա գրել է «Facebook»-ի իր էջում:
«Սադրանքներից խուսափելու համար անմիջապես հիմնավորեմ որոշումս: Նախ, կուսակցությունմ այլաձեւվել է(կամ այլասերվել, ինչպես որ հարմար կլինի)»,- համարում է Ուկրաինայի նախկին նախագահի որդին:
«ՌԿ-ը, երբեմնի հարազատ կուսակցությունը, որին նվիրել եմ ավելի քան 10 տարի, նրա հետ անկումներ ու վերելքներ եմ ապրել, այլասերվել ու դարձել ենթարկվող գործիք իր ժողովրդի դահիճների ձեռքում»,- հայտարարել է նա:
«Երկրորդ. եթե իմ շատ կուսակիցներ զիջման են գնացել մանդատները պահպանելու համար, ապա իմ խիղճն ու պատիվն ինձ թույլ չեն տալիս շարունակել մնալ նման կուսակցության շարքերում»,- ասել է Յանուկովիչը:
«Ես չեմ ցանկանում ու չեմ դառնա սեփական ժողովրդի ցեղասպանության եւ այլ հանցագործությունների մասնակից, որոնց լուռ աջակցում են կուսակցության մնացած անդամները»,- հավելել է նա:
«Անկասկած ՌԿ-ում դեռ կան մարդիկ, որոնք խորին հարգանքի են արժանի, պարզապես «շնագայլերի» ոռնոցից նրանց ձայնն այլեւս լսելի չէ: Ինչպես ասում են, այլ կարծիք է նորաձեւ»,- գրել է պատգամավորը:
Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչ ավագի նկատմամբ մարդկության դեմ հանցագործության համար միջազգային հետախուզում է հայտարարված: Յանուկովիչի վարչակարգի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամամակ, պաշտոնական տվյալների համաձայն, 106 մարդ է զոհվել:




























