Կանադան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել` Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պատճառով: Խոսքը տնտեսական պատժամիջոցների եւ եւս վեց ուկրաինացիների ու վեց ռուսաստանցիների համար երկիր մուտք գործելու արգելքի մասին է:
Պատժամիջոցները կիրառվում են այն անձանց դեմ, ովքեր «քաղաքական պատասխանատվություն են կրում այդ ճգնաժամի համար»:
Կանադայի պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվել են ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայի արեւելքում անջատողականների առաջնորդներից Իգոր Ստրելկովը, Պետդումայի նախագահի տեղակալներ Սերգեյ Նեւրովը եւ Լյուդմիլա Շվեցովան:
Ուկրաինացիների շարքում են Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական նահանգապետ» Գերման Պրոկոպիվը, ինքնահռչակված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդներ Անդրեյ Պուրգինը եւ Դենիս Պուշիլինը, ինչպես նաեւ «Դոնբասի ժողովրդական ապստամբության» առաջնորդներից Սերգեյ Ցիպլակովը:
«Իրավիճակն Ուկրաինայում միջազգային խաղաղության եւ անվտանգության լուրջ խախտում է: Պուտինի ռեժիմի ագրեսիան անպատասխան չի մնա», - Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խոսքերն է մեջբերվում նրա պաշտոնական կայքում:



























