ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն Անվտանգության խորհրդին խնդրել է Հարավային Սուդանում կատարված հանցագործությունների հետաքննման համար միջազգային հատուկ հանձնաժողով ստեղծել:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության հետաքննությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ երկու կողմերն էլ զանգվածային սպանություններ են գործել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի առաքելությունը զեկույց էր ներկայացրել, որում  հակամարտող երկու կողմերն էլ մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ զանգվածային սպանություններ, սեռական գերություններ եւ խմբակային բռնաբարություններ:

Հարավային Սուդանում բախումների հինգ ամիսներին հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնից ավելին ստիպված լքել են տները: