Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մայիսի 11-ին ինքնասպանություն գործած 14-ամյա աղջնակն այս քայլին գնացել է ոչ թե հավատքի պատճառով, այլ սիրո: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին աղջկա ծանոթները:
«Ոստիկանությունն այս հարցով զբաղվում է, բացառվում է, որ հավատքի հետ կապ ունենա, դեռ հստակ պատճառը հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ սիրո պատճառով նման քայլի գնացած լինի: Էդ տարիքի երեխաները դա շատ բնորոշ է»,- ասաց աղջկան ճանաչողներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:
14-ամյա աղջնակն ապրում էր Հրազդանում հորական տատիկի եւ եղբոր հետ, որն իրենից տարիքով ավելի փոքր է: Աղջկա ծնողներն արդեն տեւական ժամանակ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Մայրն այսօր Հայաստան է գալիս, իսկ աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
«Դիակի վրա բռնության հետքեր չկան, հիմա փորձաքննություն է իրականացվում, սակայն դին դեռ հարազատներին չեն տվել»,- նշեց մեր զրուցակիցը:
Աղջիկը դեպքի օրը մորական տատիկին հյուր էր եկել, ծանոթների պատմելով՝ երեխան հանգստյան օրերը հենց Լեռնանիստում էր անցկացնում: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում:
«Տատիկն է գտել, նկուղի առաստաղից կախված, ոչ մի գրություն չի թողել»,- ավելացրեց աղջկա ծանոթներից մեկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մայիսի 11-ին ինքնասպանություն է գործել 14-ամյա աղջնակ:
Նրան գտել են գոմում կախված: Պարզվել է, որ աղջնակը Հրազդան քաղաքից է, իսկ գյուղ եկել էր տատիկին եւ պապիկին հյուր:




























