Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները զարգացել են եւ հասել առանձնաշնորհյալ մակարդակի: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում կայացած՝ ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանի եւ Ֆրանսիայի շուրջ 35 քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվել են մի շարք հաջողված նախագծեր։ Այսր եւս 7 պայմանագիր է ստորագրվում՝ միտված տնտեսական կապերի ամրապնդմանը»,- ասաց նախագահը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անդրանիկ պետական այցի երկու օրերի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել կարեւորագույն խնդիրների:

Հիշեցնելով, որ Ֆրանսիայի կողմից ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ներդրումներ են կատարվել Հայաստանում, նախագահը նշեց, որ Հայաստանում գործող մոտ 80 ֆրանսիական ընկերությունների ցանկը համալրվում է ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցով։

Նշենք, որ այսօր նախատեսվում է երկու նախագահների այցը Երեւանում կառուցվող «Կարֆուրի» շինհրապարակ։