Կա միայն մեկ լուծում՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը ապրիլի 24-ի նախօրեին, Օլանդը նշել է, որ ինքն արդեն տվել է իր գնահատականը: «Միշտ ցանկանում եմ տեսնել դրականը, բայց կա միայն մեկ լուծում՝ ցեղասպանության ճանաչումը»,-հայտարարել է Օլանդը:
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։
Իր հերթին, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Էրդողանի հայտարարությունն անվանեց «Հայոց ցեղասպանության ժխտման եւ փաստերի կոծկման հերթական, էլ ավելի կատարելագործված արտահայտություն»: Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ նշվում է, որ «միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»:




























