Թել-Ավիվի շրջանային դատարանը Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին վեց տարվա ազատազրկման է դատապարտել: Բացի այդ, Օլմերտը պետք է մեկ միլիոն շեկելի (290 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանք վճարի:

Դատական նիստի մեկնարկին դատավոր Դավիդ Ռոզենը խիստ քննադատության է ենթարկել ամբաստանյալներին: «Կաշառակերը դավաճանի նման մեր հասարակության հիմքերն է խարխլում»,- հայտարարել է դատավորը:

Օլմերտը նախքան վճռի հրապարակումը հայտարարել է, որ պատրաստվում է այն Իսրայելի արդարության բարձրագույն դատարանին բողոքարկել:

Նախկին վարչապետը մարտի 31-ին մեղավոր է ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակհամալիրի շինարարության շրջանակում կաշառք վերցնելու մեջ: Դատարանը պարզել է, որ Օլմերտը 500 հազար շեկել (շուրջ 143 հազար ԱՄՆ դոլար) է ստացել եղբորից` Յոսի Օլմերտից, ով կառավարության նախկին ղեկավարի` ձեռներեց Շմուել Դախների հետ հարաբերությունների միջնորդն է եղել: Դախներն ավելի ուշ գործի շրջանակում պետությունը ներկայացնող վկայի կարգավիճակ է ստացել, սակայն մահացել է մեկ տարի առաջ` այդպես էլ չհասցնելով ելույթ ունենալ դատարանի դահլիճում:

Գործի շրջանակում մնացած ամբաստանյալների համար եւս տարբեր պատժաչափեր են սահմանվել:

Նշենք, որ սա Իսրայելի պետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին վարչապետը ազատազրկման է ենթարկվում: