Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը,  սպասվող նախագահական ընտրությունները եւ ուկրաինացիների համար ԵՄ երկրներ վիզային ռեժիմը պարզեցնելու հարցերը, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Տուրչինովի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է անել հնարավորը՝ եվրոպական ընտանիքի արժանի անդամ դառնալու համար: Նա ընդգծել է, որ նոր իշխանությունը կայունացրել է երկրի վիճակը՝ չնայած ՌԴ ագրեսիային:

 «Նրանք փորձում էին լիովին ապակայունացնել վիճակն Օդեսայում, Նիկոլաեւում Զապորոժյեում եւ Ուկրաինայի այլ մարզերում:

Միակ տեղը, որտեղ դա նրանց հաջողվեց  Լուգանսկն է», - ասել է ուկրաինական խորհրդարանի ղեկավարը՝ հավելելով, որ ուժային միջոցներից բացի, իշխանությունները իրավիճակի կարգավորման խաղաղ քայլեր են ձեռնարկում:

Կողմերն ընդգծել են երկրի համար Ուկրաինայի նախագահական ընտրությունների կարեւորությունը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ Ուկրաինայում ընտրությունները կայանան եւ լինեն ազնիվ, թափանցիկ եւ ժողովրդավարական», - նշել է Տուրչինովը: