Եվրոպայի տնտեսությունում առողջացում է նկատվում, սակայն 2008թ.-ից սկսված  ֆինանսական ճգնաժամը դեռ չի ավարտվել, գերմանական Handelsblatt թերթի հետ զրույցում հայտարարել է ԱՄՀ տնօրեն Քրիսթին Լագարդը:

Նա զգուշացրել է, որ Հարավային Եվրպայի ընկերությունների մի մասը վարկային ռեսուրսների հասանելիության խնդիր ունի, հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:

 «Վերականգնումն ընթանում է ամբողջ թափով: Մի շարք երկրներ հաջողությամբ դուրս են եկել ֆինանսական օգնության ծրագրից: Սակայն սա չի նշանակում, որ ճգնաժամն անցել է, մեր առաքելությունն էլ՝ կատարվել», — ընդգծել է Լագարդը:

Ըստ նրա՝ եվրագոտում դիտվող գնաճի ցածր տեմպերը նույնպես սպառնալիք են վերականգնման համար:

Լագարդը ԵԿԲ-ին կոչ է արել մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը՝ աճը խթանելու համար: Նա նաեւ կառավարություններին կոչ է արել մրցունակության բարձրացման քայլեր ձեռնարկել՝ ներառյալ աշխատաշուկայի կառուցվածքային բարեփոխումները: