Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Վերին Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան ամեն հնարավորն է անելու «Ուկրաինայում կայունությունը վերականգնելու համար», Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

«… ԵՄ-ն եւ Ուկրաինան պետք է 1,6 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության հատկացման մասին համաձայնագիր ստորագրեն»,- հայտարարել է Վան Ռոմպեյը:

Քննարկելով Ուկրաինայի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցը, զրուցակիցներն արձանագրել են, որ «այստեղ եւս նշանակալի առաջընթաց կա»: Մասնավորապես, Եվրախորհրդի նախագահը հավանություն է տվել հիշյալ նպատակի համար անհրաժեշտ օրենքների ընդունմանն ուղղված խորհրդարանական նախաձեռնությանը:

«Մեր ուսերին նոր, բայց միացյալ երկիր կառուցելու խնդիրն է ընկած: ԵՄ-ն ողջ հնարավոր աջակցությունն է ցուցաբերելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա: