Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող ակտիվիստներին, որոնց այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։00-ի մոտ, բերման էին ենթարկել Մաշտոցի պուրակից, ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների այցից առաջ, դեռ չեն ազատել։

NEWS.am-ի տեղեկություններով բերման ենթարկվածների մեջ են քաղաքացիական ակտիվիստներ Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակտիվիստները ցանկանում էին մոտենալ Ֆրանսիական համալսարանից պուրակ եկած ուսանողներին, որոնք Ֆրանսիայի դրոշներով կանգնած էին առաջին շարքում։ Ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ինչն էլ հրմշտոցի պատճառ դարձավ:

Ակտիվիստներն այգում հայտարարել էին, որ իրենց դուր չի գալիս այգին Միսակ Մանուշյանի անունով կոչելու գաղափարը, քանի որ  դա  իրենց հաղթանակի խորհրդանիշն է, իսկ Մանուշյանի անունով կարելի է կոչել քաղաքի բազմաթիվ այլ այգիներից մեկը։