Հայաստանի Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին  տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»:

«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարեւոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը:

Կարեւորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ եւ անընդունելի:

Հանրային խորհուրդը շարունակելու է իր հետեւողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության եւ ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում»,-ասված է ՀԽ-ի տարածած հաղորդագրության մեջ: