Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր  Զուզկա Բեբարովա-Ռույբրովան. Քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային  փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, ինչը մեծապես պայմանավորված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցով:

Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրին՝ ԱԺ փոխնախագահը Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ այս ողբերգական իրադարձությունների մասին պետական մակարդակով բարձրաձայնելն ու հիշատակելը պայմանավորված չէ միայն ազգային ցավով: Ըստ նրա՝ քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի  գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Չեխիայի խորհրդարանում, ինչը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր քայլ է:

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների վերելքի համար եւ պատրաստակամություն հայտնեց՝  անելու հնարավորինս, որ երկու երկրների միջեւ կապերն էլ ավելի զարգանան: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝  ամեն ինչ պետք է անել նման սարսափելի իրադարձությունները կանխելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: