Շուտով Հայաստանի հասարակությունը լավ նորություններ կլսի բյուջետային ավիաուղիների մասին, մայիսի 13-ին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշել է, որ նախարարությունը շարունակում է նման ընկերությունների ներգրավման գործը: Իհարկե, հարկ է հաշվի առնել նաեւ շուկայի գործող մասնակիցների շահերը:
«Բյուջետային ընկերությունները հեշտ են գալիս շուկա, բայց այլ ընկերությունների համար նրանց մուտքը կարող է խնդիրներ ստեղծել: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը, բայց հետեւողական կաշխատենք եւ շուտով լավ նորություններ կլսեք», - հայտնել է Ճշմարիտյանը:
Նշենք, 2013թ. նոյեմբերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն հայտարարել էր իռլանդական Ryanair—ի հետ բանակցությունների մասին: 2014թ. հունվարին Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել էր, որ բանակցությունները շարունակվում են:
Նկատենք, բյուջետային փոխադրողների մուտքը կարող է ազդել ոչ միայն ավիաչվերթների շուկայի, այլեւ օդանավում մատուցվող սննդի շուկայի վրա (Բյուջետային ավիաուղիները տոմսի արժեքի մեջ սնունդը չեն ներառի): Իսկ Հայաստանում այդ ոլորտը վերահսկում է «Ավիասերվիս» ընկերությունը, որը պատկանում է գործարար Գագիկ Ծառուկյանին:




























