«Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Արմեն Սողոյանն այս պահին Առողջապահության նախարարություն է գնում՝ զրուցելու նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանի հետ մայիսի 5-ին հոգեբուժարանում մահացած Էդգար Շաթիրյանի հետ կապված մանրամասների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմեն Սողոյանը:
«Hetq.am-ում տպագրված նամակում նոր բաներ են գրված, որոնք հարցեր են պարունակում եւ անհրաժեշտ է պարզաբանումներ: Դրա համար եմ հիմա նախարարի մոտ գնում»,- ասաց հոգեբուժարանի տնօրենը:
Արմեն Սողոյանն այնուհետեւ մանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել մայիսի 5-ին: Էդգար Շաթիրյանը հիվանդանոց է ընդունվել հոգեշարժական գրգռվածություն ախտորոշմամբ, նրան ներարկվել է Տիզերցին, որը ըստ տնօրենի՝ նման դեպքերում լավագույն դեղմիջոցն է:
«Իսկ մահը վրա է հասել սրտային խնդրից, ակնթարթային մահ է եղել, մեր ներարկումների կամ բուժման հետ ընդհանրապես կապ չունի: Նամակում գրվածն իրականությանը չի համապատասխանում»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով նամակում գրված այն հայտարարությանը, թե մահացած Էդգարին հոգեբուժարանի աշխատակիցները նկարահանել են՝ Արմեն Սողոյանը նշեց, որ նման բան չի եղել. «Երբ տեսանք, որ մահացել է, ոստիկանություն ենք զանգահարել, դատաբժիշկ է եկել, որն էլ դիակը նկարել է: Հնարավոր է, որ հենց սա է տեսել մահացածի հարազատներից մեկը, որն այդ պահին այնտեղ էր»:
Նշենք, որ Էդգար Շաթիրյանի հարազատները Hetq.am-ով բաց նամակ էին ուղարկել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
«Կարծում ենք, եթե հոգեբուժարանի տնօրենը, բաժանմունքի վարիչը, տեղամասային բժիշկը, հերթապահ բժիշկը պատշաճ կատարեին իրենց աշխատանքը, ապա այսօր Էդգարը կլիներ իր ընտանիքի կողքին: ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու առողջության պահպանման իրավունք:
Արդյո՞ք Ավանի հոգեբուժարանի բուժանձնակազմը համալրված է ՀՀ կառավարության որոշման հանաձայն, մրցութային կարգով ընտրված արժանի բժիշկներով, մասնավորապես խոսքը սկսնակ բժիշկ Բագրատ Բերբերյանի մասին է: Մեր խորին համոզմամբ, բժիշկների անբարեխիղճ լինելու, անփույթ գործելաոճի եւ սխալ բուժման պատճառով է մահացել Էդգար Շաթիրյանը՝թողնելով երկու անչափահաս երեխա»,- գրել էին նրա հարազատները:




























