«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում զանգվածային թունավորման պատճառը դեռ հայտնի չէ. այդ օրը կալանավորները կերել են մայիսի 9-ի կապակցության նվեր ստացած միս եւ խմել են դեղձի հյութ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանը, որը մայիսի 12-ին Գոհար Ամիրխանյանի եւ Անի Վարդանյանի հետ այցելել էր քրեակատարողական հիմնարկ:
«Թունավորվածները ութն են, գտնվում են բժիշկների հսկողության տակ: Մի քանիսը դեռ կաթիլային են ստանում, իսկ մյուսները՝ միայն դիետիկ են սնվում: Ութն էլ արդեն ջերմություն չունեն, վիճակները լավ է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նույնիսկ հիվանդների համար հստակ չէ, թե ինչից են թունավորվել: Այդ օրը կալանավորները կերել են «Դատապարտյալների աջակցություն» հկ-ից ուղարկված միս եւ դեղձի հյութ են խմել:
«Սնունդն ուղարկվել է փորձաքննության: Մեկն ասում է, թե միս չի կերել, բայց թունավորվել է, մյուսն էլ, թե մենակ հյութ եմ խմել, այնպես որ այս պահին հստակ ոչինչ ասել չենք կարող: Փորձաքննության պատասխանը մինչեւ շաբաթվա վերջ ըստ երեւույթին պատրաստ կլինի»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ թունավորվել է 6 կին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Երեքն արդեն լավ են, իսկ մյուս երեքը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ոչ միայն հիմնարկի, այլեւ «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկներն են զբաղվում այս խնդրով: Փորձաքննություն է նշանակվել: Ամեն դեպքում մսից չեն թունավորվել, ինչպես որ գրել էին»:




























