Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Դիտակետ» կոչվող բարձունքից նետվելով ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին Շինուհայր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարգեւ Ավագյանն է, որը հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:
«Պարգեւը հոգեկան խնդիրներ ունի, շատ են եղել դեպքերը, որ տնից փախել է, հետո գտել են Եղեգնաձորում, Կապանում: Էս անգամ էլ փորձել էր «Դիտակետ»-ից նետվել, սակայն, ծառերը պահել էին, ցած էր չընկել: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի, հիմա տանն է»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ Պարգեւի մոտ հոգեկան խանգարումները նկատվել են ընդամենը ամիսներ առաջ:
«Բանակում 1.5 տարի ծառայեց, հետո ազատեցին, դրանից հետո էլ նման խնդիրներ առաջացան, թե չէ նախկինում երբեք նման բան չի եղել: Այս ամիսների ընթացքում մի քանի անգամ բուժվել է, սակայն երբեք հոգեբուժարան չի պառկել»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով «Դիտակետ» կոչվող բարձունքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Պ. Ա.-ը նետել է իրեն բարձունքից եւ արգելափակվել ծառերի մեջ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Պ. Ա.-ին:




























