Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող եւ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված 7 հոգուց երեքն ազատ են արձակվել:
Մասնավորապես, ազատ արձակվողներն են Ռոլանդ Թմոյանը, Աննա Շահնազարյանը եւ Միքայել Այվազյանը:
Նրանք հայտարարեցին, որ ոստիկանները իրենց ապօրինի են բերման ենթարկել, քանի որ իրենք հասարակական կարգը չեն խախտել եւ ոստիկանների պահանջին չենթարկվելու դեպք եւս չի արձանագրվել:
Այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ սպասում են մյուս բերման ենթարկվածների ազատ արձակմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Մաշտոցի պուրակից, ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների այցից առաջ բերման էին ենթարկվել Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7ակտիվիստներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակտիվիստները ցանկանում էին մոտենալ Ֆրանսիական համալսարանից պուրակ եկած ուսանողներին, որոնք Ֆրանսիայի դրոշներով կանգնած էին առաջին շարքում։ Ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ինչն էլ հրմշտոցի պատճառ դարձավ:
Ակտիվիստներն այգում հայտարարել էին, որ իրենց դուր չի գալիս այգին Միսակ Մանուշյանի անունով կոչելու գաղափարը, քանի որ դա իրենց հաղթանակի խորհրդանիշն է, իսկ Մանուշյանի անունով կարելի է կոչել քաղաքի բազմաթիվ այլ այգիներից մեկը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























