Մինչ այժմ Ռաուֆ Միրկադիրովին չեն թողնում տեսակցել հարազատների հետ, հայտարարել են փաստաբաններ Ֆուադ Աղաեւը եւ Էլմար Սուլեյմանովը, որոնք այցելել էին Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մեկուսարան:
«Նա իրեն լավ է զգում, առողջականի հետ կապված բողոքներ չունի: Սակայն նախկինի պես նրան անկախ եւ ընդդիմադիր մամուլ չեն տալիս: Մինչ այժմ չեն թողնում տեսակցել հարազատների հետ», - ասել է Աղաեւը:
Հարցին, թե ինչով է հիմնավորված մերժումը, փաստաբանը նշել է, որ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին արգելել է նման տեսակցությունները: «Ըստ օրենքի՝ Ռաուֆ Միրկադիրովը իրավունք ունի պարբերաբար տեսակցել հարազատների հետ, հեռախոսով զրուցել եւ թերթեր ստանալ: Այդ պատճառով նման արգելքներն անհիմն են», - նշել է փաստաբանը:
Աղաեւը հաստատել է, որ Ռաուֆ Միրկադիրովը նախկինի պես հրաժարվում է ցուցմունք տալ՝ չնայած որ իր ձերբակալությունից եւ մեղադրանք ներկայացնելուց հետո հարցաքննություն չի եղել եւ քննությունը շարունակվում է: Թե որքան կշարունակվի այս վիճակը, փաստաբանը չգիտի:
Հիշեցնենք, լրագրողը մեղադրվում է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստուհի Լաուրա Բաղդասարյանի միջոցով 2008-2009 թթ. հայերին տեղեկություններ հայտնելու մեջ: Թե ինչ տեղեկություններ, չի հաղորդվում:
Ըստ քննության՝ այս ամենը տեղի է ունեցել Լաուրա Բաղդասարյանի ՀԿ-ի հետ Լեյլա Յունուսի գլխավորած Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ծրագրերի շրջանակում:




























