Մայիսի 13-ին հերթական նիստի մեկնարկից առաջ ՌԴ Պետդումայի անդամները Ուկրաինայի հարավ-արեւելքում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել:

Խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինի համոզմամբ, Լուգանսկում եւ Դոնեցկում կազմակերպված հանրաքվեն այդ քաղաքների բնակիչների` կիեւյան խունտայի գործողություններից պաշտպանվելու փորձն է հանդիսանում, հաղորդում է Lifenews-ը:

«Քաղաքական գործիչները տարբեր գնահատական են տալիս հանրաքվեի արդյունքներին, սակայն, մինչ Կիեւի իշխանություններն արմատականների հետ բացահայտ պայմանավորվածությունների են դիմում, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ակտիվիստներն այդ կերպ ընդամենը փորձում են պաշտպանել իրենք իրենց:  Կիեւում հասկանում են, որ իրենց կատարած հանցագործությունների համար դատարանի առաջ են պատասխան տալու», - հայտարարել է Պետդումայի նախագահը:

«Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը շնորհավորել է Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչներին` արժանապատիվ ընտրություն կատարելու առթիվ:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում Ուկրաինայի ռեգիոնների կարծիքին եւ ճանաչում ենք հանրաքվեի արդյունքները: Ներկա պահին Կիեւի հետ միայն ուժի դիրքերից կարելի է խոսել, ինչպես Լոգանշչինայում, այնպես էլ Դոնբասսում», - նկատել է Միրոնովը:

Ժողովրդավար-ազատական կուսակցությունը եւս ճանաչում է Դոնեցկում եւ Լուգանսկում կայացած հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Լիդենկոն: