Մաշտոցի պուրակից այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։00-ի մոտ, Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկանները ծեծել են քաղաքացիական ակտիվիստներ Գեւորգ Սաֆարյանին եւ Դվին Իսանյանսին, Դվինը մեքենայի մեջ ուշաթափվել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը, որը ժամը 15։40-ի դրությամբ դեռ ոստիկանական բաժանմունքում էր:

«Ինձ ու Դվինին իրար հետ տարան: Մեքենայի մեջ հրեշտակները մեզ գցել էին գետնին՝ սիդելնիկների արանքը, ոտքով, բռունցքով հարվածում էին: Չգիտեմ՝ որ մասին խփեց, բայց Դվինի ուշքը գնաց: Հետո էդ ոստիկանն էլ սկսեց ուշքի բերել, նաշադիրով», – պատմեց  Սաֆարյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7 ակտիվիստների այսօր առավոտյան բերման էին ենթարկել Մաշտոցի պուրակից:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ ինքը չէր մասնակցում բողոքի ակցիային, ուղղակի կանգած էր պուրակում. «Իրենք իմ դեմքը տեսնում են, ինչ-որ ագրեսիա է առաջանում, որտեղ ինձ տեսնում են, ուզում են բերման ենթարկեն: Ես ուղղակի կանգնած էի, եկան հարձակվեցին, բերման ենթարկեցին»։

Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 քաղաքացիներից 6-ի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար, իսկ Գեւորգ Սաֆարյանի մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: