Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա անող եւ ոստիկանության Կենտրոնականի բաժին  բերման ենթարկված 7 հոգուց միայն մեկին բաց չեն թողել. Ոստիկանությունը պատրաստվում է 28-ամյա Գեւորգ Սաֆարյանի դեմ քրեական գործ հարուցել: Այս մասին NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանաի» անդամ Կարո Եղնուկյանը:

«Պատրաստվում են քրեական գործ հարուցել, թե իբր ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել՝ այս կերպ արդարեցնելով իրենց բռնի գործողությունները: Գեւորգին ծեծել են, փաստաբանն է փոխանցել մեզ: Հիմա ուզում են, որ քգործ հարուցեն, որ իրենց արած ծանր բռնությունն արդարացնեն»,- ասաց Կարո Եղնուկյանը, որն այս պահին ոստիկանության մուտքի մոտ է:

Եղնուկյանի խոսքով՝ ոստիկանները բռնի գործողություններ են կատարել նաեւ Դվին Իսանյանի եւ Անի Խաչատրյանի նկատմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Մաշտոցի պուրակից, ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների այցից առաջ բերման էին ենթարկվել Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7ակտիվիստներ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակտիվիստները ցանկանում էին մոտենալ Ֆրանսիական համալսարանից պուրակ եկած ուսանողներին, որոնք Ֆրանսիայի դրոշներով կանգնած էին առաջին շարքում։ Ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ինչն էլ հրմշտոցի պատճառ դարձավ:

Ակտիվիստներն այգում հայտարարել էին, որ իրենց դուր չի գալիս այգին Միսակ Մանուշյանի անունով կոչելու գաղափարը, քանի որ  դա  իրենց հաղթանակի խորհրդանիշն է, իսկ Մանուշյանի անունով կարելի է կոչել քաղաքի բազմաթիվ այլ այգիներից մեկը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am