«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի դեպքի կապակցությամբ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ծառայողական քննություն իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Նորանշանակ նախարար Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հոգեբուժարանի տնօրեն Արմեն Սողոյանը հայտնել էր, որ Էդգարը մահացել է սրտի պրոբլեմներից: Մինչդեռ հարազատները Hetq.am-ով բաց նամակ էին ուղարկել, որտեղ տեղեկացնում էին, որ Էդգարը բժիշկների մեղքով է մահացել: «Կարծում ենք, եթե հոգեբուժարանի տնօրենը, բաժանմունքի վարիչը, տեղամասային բժիշկը, հերթապահ բժիշկը պատշաճ կատարեին իրենց աշխատանքը, ապա այսօր Էդգարը կլիներ իր ընտանիքի կողքին: ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու առողջության պահպանման իրավունք:

Արդյո՞ք Ավանի հոգեբուժարանի բուժանձնակազմը համալրված է ՀՀ կառավարության որոշման հանաձայն, մրցութային կարգով ընտրված արժանի բժիշկներով, մասնավորապես խոսքը սկսնակ բժիշկ Բագրատ Բերբերյանի մասին է: Մեր խորին համոզմամբ, բժիշկների անբարեխիղճ լինելու, անփույթ գործելաոճի եւ սխալ բուժման պատճառով է մահացել Էդգար Շաթիրյանը՝թողնելով երկու անչափահաս երեխա»,- գրել էին նրա հարազատները: