Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա անող եւ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանի ինքնազգացողությունը ոստիկանության բաժնում վատացել է, շտապօգնություն են կանչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգի փաստաբանը՝ Գեւորգ Դավթյանը:
«Բռնության հետքեր կան, ոտքը կաղում է, չի կարողանում քայլել, ինքնազգացողությունն էլ վատացել է, շտապօգնություն եմ կանչել: Այս պահին ոչինչ ավելին չեմ կարող ասել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել, սակայն նման մտադրություն կա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7 ակտիվիստների այսօր առավոտյան բերման էին ենթարկել Մաշտոցի պուրակից:
Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ ինքը չէր մասնակցում բողոքի ակցիային, ուղղակի կանգած էր պուրակում. «Իրենք իմ դեմքը տեսնում են, ինչ-որ ագրեսիա է առաջանում, որտեղ ինձ տեսնում են, ուզում են բերման ենթարկեն: Ես ուղղակի կանգնած էի, եկան հարձակվեցին, բերման ենթարկեցին»։
Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 քաղաքացիներից 6-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար, իսկ Գեւորգ Սաֆարյանի մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























