Ռուսաստանի Յամալո-Նենեցական ինքնավար շրջանի գյուղերից մեկում անբացատրելի ողբերգություն է տեղի ունեցել: Երկու երիտասարդներ նախ կրակ են բացել դպրոցի տարածքում, իսկ մի փոքր անց` արդեն դրսում, ինքնասպանություն գործել: Միջադեպի պատճառները դեռեւս անհայտ են մնում:
19-ամյա Կոնստանտին Խունզին եւ 22-ամյա Անդրեյ Տոգաչեւը կտորի մեջ փաթաթաված զենքերով դպրոցի տարածք են թափանցել: Չճշտված տեղեկություններով, նրանք ֆիզկուլտուրայի ուսուցչին են փնտրել, բայց այդպես էլ չեն գտել: Կատաղելով, տղաները հաստատության միջանցքում կրակ են բացել: Ականատեսների վկայությամբ, մինչ այդ երիտասարդները ոչ մի սպառնալիք կամ պահանջ չեն բարձրաձայնել:
Այնուհետեւ Խունզին եւ Տոգաչեւը, տեղաբնակների վկայությամբ, դուրս եկել դպրոցի շենքից, բակում եւս երկու անգամ կրակել եւ գյուղի տարածքով հեռացել:
Մոտավորապես ժամը 11:00-ին տեղական նավահանգստի աշխատակիցները հեռադիտակով երկու զինված երիտասարդի են տեսել: Կոնստանդին Խունզին եւ Անդրեյ Տոգաչեւը մեկական կոշիկ են հանել եւ ոտքի բութ մատի օգնությամբ զենքի ձգանը սեղմելով` յուրաքանչյուրն իր դեմքին կրակել: Դեպքի վայր հասած գյուղացիները տղաների անկենդան մարմիններն են գտել, հաղորդում է Ռոսբալտը:



























