Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ամուսնու կողմից հասցված դանակի բազմակի հարվածներից մահացած Լուսինե Դավթյանի սպանության գործով դատական քննությունը:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից տրամադրվում է անվճար տրանսպորտ:
Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերին, որովայնի առաջային պատին եւ վերին վերջույթներին, որի հետեւանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է:
Արսեն Առաքելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:




























