Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա անող եւ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանին քիչ առաջ տեղափոխեցին Երեւանի երկրորդ հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգի փաստաբան Գեւորգ Դավթյանը:
«Գեւորգի մարմնի տարբեր մասերում վնասվածքներ կան, կաղում է, ծունկը լրջորեն վնասված է, դրա համար բժիշկը որոշեց հոսպիտալացնել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ ակտիվիստի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7 ակտիվիստների այսօր առավոտյան բերման էին ենթարկել Մաշտոցի պուրակից:
Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ ինքը չէր մասնակցում բողոքի ակցիային, ուղղակի կանգած էր պուրակում. «Իրենք իմ դեմքը տեսնում են, ինչ-որ ագրեսիա է առաջանում, որտեղ ինձ տեսնում են, ուզում են բերման ենթարկեն: Ես ուղղակի կանգնած էի, եկան հարձակվեցին, բերման ենթարկեցին»։
Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 քաղաքացիներից 6-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար, իսկ Գեւորգ Սաֆարյանի մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




























