Հայաստանի աուդիտորները պետք է ֆինանսական պատասխանատվություն կրեն իրենց եզրահանգումների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով, այդ դեպքում եզրահանգումներն ավելի վստահելի կդառնան եւ ձեւականից արդյունավետի կվերածվեն:

Աուդիտորների պատասխանատվության անհրաժեշտության մասին հայտարարել է նաեւ ՀՅԴ պատգամավոր, ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: «Ավելի լավ է այդպես, քան կառավարության առաջարկած տարբերակը, որ կացնի մի հարվածով պարտադիր աուդիտի վերացնում է ենթադրում»,- հայտարարել է նա:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը համաձայնել է առաջարկությանը, ավելացնելով, որ այդ պարագայում աուդիտորական ռիսկերը պետք է ապահովագրվեն, այլապես նրանցից շատերը չեն համաձայնի աշխատել: «Այդուհանդերձ, բարձր մակարդակի աուդիտորական ընկերությունները, ամեն դեպքում, անհանգստանալու կարիք չեն ունենա» ,- հավելել է Միրումյանը:

Նշենք, որ համաշխարհային աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակից» երեքը (PWC, Deloitte, Ernst&Young) ներկայացուցչություն ունեն Հայաստանում: